Իմ պապիկը՝ աշխարհի առաջատար նշանի դիզայներ

Տասը տարեկան էի, տան անսովոր ձայներից արթնացա, պապիկս բարձր ձայնով խոսում էր՝ «Դոյչե Վելեից են զանգելու»։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց այս էր իրադարձությունը․
Պապիկիս նկարած Իրանի ավիաուղիների նշանը 52 տարի հետո Սկիֆտի կողմից հռչակվել էր լավագույն, և հիմա ներքին ու արտաքին լրատվական կենտրոններից հարցազրույցի համար կապվում էին։
Պապիկս Ճարտարապետ Էդվարդ Տիգրան Զոհրաբյանն է, ծնվել է 1939 թվականին Թեհրանում։ Պատանի հասակում մասնակցում է «Ալբորզ» դպրոցի նշանը նկարելու մրցույթին ու հաղթում, ապա դպրոցը ավարտելուց հետո 1961թ․-ին, 22 տարեկան հասակում, երբ դեռ ուսանող էր, մասնակցում է Իրանի նորակառույց ավիաուղիների տարբերանշանի դիզայներական մրցույթին ու հաղթում։
Տարիներ են անցել այդ օրվանից, ու հիմա նշանը Սկիֆտի կողմից բոլոր տվյալները լրացնելով (խաղաղ գույն, թռչունի «ֆորմից» օգտագործում, ոչ պարզ, բայց միևնույն ժամանակ՝ ճկուն ֆորմ) նշանակվել էր լավագույն։
Ու հիմա ես եմ զանգում պապիկիս, արդեն 3 տարի է, որ հեռու ենք, ու հանդիպում տարին միայն մեկ կամ երկու անգամ։
Իմ հարցին, թե ինչպես է ընտրել ու նկարել այդ թռչունը, պատասխանեց այսպես․
«Փնտրում էի մի «ֆորմ», որը հումք ծառայեր մտքերիս ու հիշեցի Պերսպոլիսի սյուներից մեկի գլուխը։ Դա Հոմա անունով մի թռչուն է, առասպելական գրիֆինը ունի արծվի գլուխ, ցուլի ականջներ ու ձիու բաշ, օգտվեցի այդ ֆորմից, թևի համար նկարեցի 5 փետուր, որպեսզի թռչի հինգ ցամաքամասերով»։
Ի՞նչ էր նվերը․ 500 թուման, դեռ այն ժամանակ էլ մեծ գումար չէր, մոտավորապես 70 դոլար։
Հրաժեշտ տվեցի, մի վայրկյան լռեցի ու մտքումս ասացի՝ կարոտել եմ քեզ։
Մինչ հանդիպում։
Հգ- Պերսպոլիս, Թախթե Ջամշիդը ուրիշ անունով հեզար սոթուն, որը նշանակում է հազար սյուն, 518 քա․ պատմական Պարսկաստանի Հանդիսավոր մայրաքաղաքն է եղել, ունի տարբեր սյուներ։
Տվյալ սյունը առասպելական գրիֆին է, որի մասին ասել են, թե ստվերը երջանկություն է բերում, այն Պերսպոլիսի 4 տեսակ սյուներից ամենապարսկականն է, այսինքն, սարքվել է ժամանակի հավատամքների հիման վրա։