Աշխատանքային իրավունքներ

Աշխատանքը մշակութապես պայմանավորված և տարբեր
հասարակություններում միմյանցից խիստ տարբերվող ընկալումներ ունի: Այն, ինչ
աշխատանք է համարվում մեկ վայրում, մեկ այլ վայրում պարզապես ընտանեկան
կամ ընկերական հարաբերություններից բխող հոգատարության դրսևորում է,
ինքնըստինքյան ենթադրվող պարտականություն1: Հետևաբար, էապես տարբերվող
կլինեն «աշխատանքային շարժում», «աշխատանքային հարաբերություն»,
«իրավունքի պաշտպանություն» հասկացություններին վերագրվող իմաստները: Այս
ուսումնասիրության նպատակն է եղել հասկանալ, թե աշխատանքային
իրավունքների պաշտպանության մեխանիզմների՝ մշակութապես պայմանավորված
ինչպիսի ընկալումներ են առկա և որոնք են այդ մեխանիզմների գործադրման
սահմանափակումները:
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության
օժանդակությամբ իրականացված այս ուսումնասիրությունը նախատեսված էր
ծավալել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության
մեխանիզմների ոչ արդյունավետությունը բացատրող վարկածների շուրջ:
Սկզբնապես առաջ էին քաշվել 9 վարկածներ: Սակայն ուսումնասիրության
ընթացքում պարզ դարձավ որոշ վարկածների ակնհայտությունը կամ չափազանց
«ընդգրկուն» լինելը, իսկ մյուսների բազմաթիվ ճյուղավորումների շնորհիվ առաջ
եկան նորերը: Արդյունքում ստացվեց սպասվածից տարբերվող այն բազմազան
պատկերը, որ ներկայացված է «Հիմնախնդիրների վերլուծություն» բաժնում:
Աշխատանքի իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է որպես
աշխատանքի ընտրության ազատության իրավունք: Աշխատանքային մյուս
իրավունքները սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, Զբաղվածության
մասին ՀՀ օրենքով, Ձեռնարկատիրության և ձեռնարկատիրական գործունեության
մասին ՀՀ օրենքով և այլ օրենքներով: Դրանցով, մասնավորապես, սահմանված են
արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի,
հանգստի և ամենամյա արձակուրդի իրավունքը, անվտանգության և հիգիենայի
պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքը: Թե
սահմանադրության մեջ, թե նշված օրենսդրական ակտերում ներառված են Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Սոցիալական խարտիայով
ամրագրված հիմնարար սկզբունքները:
Աշխատանքային իրավունքին վերաբերող նորմեր պարունակող իրավական
տարբեր ակտերի ուսումնասիրությունից կարելի է եզրակացություն կատարել
իրավական այն մեխանիզմների և երաշխիքների վերաբերյալ, որոնց միջոցով
աշխատողները կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Դրանցից
առանցքայինը սոցիալական գործընկերության և կողմերի իրավահավասարության
սկզբունքների հիման վրա կնքված կոլեկտիվ պայմանագիրն է: Ակնհայտ է, որ այս
երաշխիքի իրացումն ուղղակիորեն կախված է աշխատողների ներկայացուցիչների
կամ արհեստակցական միության արդյունավետ գործառությունից: Հետևաբար,